Մեղրաձորի՝ Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի հաջորդ վարպետաց դասը նվիրված է ավանդական քաղցրավենիքի պատրաստմանը։ Փոխինձը աղացած և մանրացված ցորենի ալյուր է։ Գրեթե բոլոր հայկական ավանդական տոների ծիսակատարություններում հատուկ ուշադրության են արժանանում ցորենը, աղանձը, ալյուրը, փոխինձն ու դրանցից պատրաստված ուտեստները:
Այժմ այն առօրեական է։ Հին ժամանակ հատուկ էր ձմեռային տոներին, հատկապես Սուրբ Սարգսի տոնին(Սիրո տոն),երբ տան ավագ կինը պատրաստում էր այս քաղցրեղենը, տան երիտասարդը իր բաժնից մի կտոր դնում էր տան կտուրին և գաղտագողի սպասում, որ թռչունը գա, կտցահարի և տանի։ Թռչնի տարած կողմից էլ երիտասարդը սպասում էր իր կյանքի ընկերոջը, իր բախտին։
Գյուղի ավագ կանանց հետ միասին կբացահայտեք հացահատիկից փոխինձը ստանալու ձևերը, ժամանակակից վերափոխումները և դրանց ազգագրական նշանակությունը։ Ձեզ ցույց կտան փոխինձը այլ բաղադրիչներով խառնելու ձևը: Տեղացի կանանց ցուցումներով սեփական ձեռքերով կպատրասեք փոխինձի գնդիկներ կամ կզարդարեք քաղցրավենիքը։
























