«Կեչառիս» վանական համալիրը (սկզբնաղբյուրներում՝ Էջառիս, Կեչառույք և այլն) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով՝ ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):
XI դարում այս հողերը գտնվել են Պահլավունի իշխանների տիրապետության տակ, որոնք էլ այստեղ հիմնել են վանական համալիր, որի շինարարությունը շարունակվել է մինչև ХІІІ դարի կեսերը:
«Կեչառիս» վանական համալիրը XI-XIII դարերում եղել է Հայաստանի խոշոր հոգևոր կենտրոն՝ կից դպրոցով։
Սկզբում կառուցվել է վանական համալիրի գլխավոր տաճարը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Հարավային դռան մուտքի վրա պահպանվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու 1033թ․ գրությունը, որտեղ ասվում է, որ եկեղեցին կառուցվել է Գագիկի գահակալման և Սարգսի պատրիարքության ժամանակ։ Տաճարն ունեցել է ընդարձակ դահլիճ և լայն գմբեթ, որն ավերվել է 1828 թվականի երկրաշարժից:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հարավ՝ մի քանի խաչքարների հետևում, կանգնած է Սուրբ Նշան փոքրիկ եկեղեցին, որը նույնպես կառուցվել է XI դարի առաջին կեսին: Այդ մասին փաստում է նրա արևմտյան դռան դեկորը, որը նման է Լուսավորչի եկեղեցու դռան դեկորին։
ХІІІ դարի առաջին քառորդում ճարտարապետ Վեցիկը (ճարտարապետի գերեզմանը գտնվում է այստեղ)կառուցեց համալիրի վերջին եկեղեցին՝ Կաթողիկեն: Լուսավորչի և Սուրբ Նշան եկեղեցիների միջև կան ХІ դարի ուղղանկյուն մատուռներ։ Կից գտնվում է դպրոցի շենքը։
1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով «Կեչառիս» վանական համալիրը ամբողջովին վերականգնվել է։




















