Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: Ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում, և զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:
Այն նաև ամենահայտնի ձմեռային հանգստավայրերից է և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ: Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից հյուրանոցներ և հանգստյան տներ։ Համեղ ուտեստներ, տաք թեյ, ամեն ինչ՝ իդեալական հանգստի համար: