Սկսենք պատմական ճանապարհորդություն Ծաղկաձորի դյութիչ վայրերով, որտեղ յուրաքանչյուր մասնիկ պահում է ժամանակի մեջ փորագրված մի պատմություն:
«Թեժառույքի» վանք
Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք ընկած անտառապատ բլրի վրա տեղակայված 12-րդ դարի պարսպապատ Թեժառույք հայկական վանքը վկայում է հնագույն ազգի հարուստ պատմության և մշակութային ժառանգության մասին: Այս ճարտարապետական գոհարը թաքնված գանձ է: Այն գտնվում է անտառապատ բլրի վրա։ Շրջակայքի ամբողջությամբ փարթամ կանաչապատումը մեծացնում է նրա հմայքը, և նրան հասնելու համար կանաչ անտառների միջով ոչ երկար քայլարշավ է պետք։
Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ հրվանդանի գագաթին` 2000մ բարձրության վրա գտնվող այս վանքը Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանների օրոք կառուցվել է 1190թ.: Եկեղեցում են ամփոփված են հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը: Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել: Պարսպից միայն մի փոքր հատված է պահպանվել: Օժանդակ կառույցներից ևս հետքեր են պահպանվել, իսկ մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ: Գերեզմանոցը նույնպես ավերված է:
«Արտավազի» վանք
Պատմամշակութային կոթողը, որը թվագրվում է 7-րդ դար, կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով և գտնվում է մոտ 500 մետր հեռու։
Եկեղեցին (VII դ.) կենտրոնագմբեթ է, որի թաղը պահում են 4 կամարները։ Այն վերանորոգվել է XI-XIV դդ.: Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք, և միայն արևմտյան խորանն է (այստեղից բացվում է եկեղեցու մուտքը), որ ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի: Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին:
Միանավ բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել էր VI դ., իր սկզբնական ձևով պահպանվել է մինչև XII դարի 20-ական թվականները, և միայն դրանից հետո են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Դրա վկայությունն է հանդիսանում խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը:
«Կեչառիս» վանական համալիր
«Կեչառիս» վանական համալիրը (սկզբնաղբյուրներում՝ Էջառիս, Կեչառույք և այլն) գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմտյան մասում: Շրջակա բնական միջավայրի հետ ներդաշնակության մեջ գտնվելով՝ ճարտարապետական լուծումներով այս հոյակապ համալիրն ընդգրկում է չորս եկեղեցի, մատուռներ և շուրջ երեք տասնյակ խաչքարեր (XI-XVII դարերի):
XI դարում այս հողերը գտնվել են Պահլավունի իշխանների տիրապետության տակ, որոնք էլ այստեղ հիմնել են վանական համալիր, որի շինարարությունը շարունակվել է մինչև ХІІІ դարի կեսերը:
«Կեչառիս» վանական համալիրը XI-XIII դարերում եղել է Հայաստանի խոշոր հոգևոր կենտրոն՝ կից դպրոցով։
Սկզբում կառուցվել է վանական համալիրի գլխավոր տաճարը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Հարավային դռան մուտքի վրա պահպանվել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու 1033թ․ գրությունը, որտեղ ասվում է, որ եկեղեցին կառուցվել է Գագիկի գահակալման և Սարգսի պատրիարքության ժամանակ։ Տաճարն ունեցել է ընդարձակ դահլիճ և լայն գմբեթ, որն ավերվել է 1828 թվականի երկրաշարժից:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց հարավ՝ մի քանի խաչքարների հետևում, կանգնած է Սուրբ Նշան փոքրիկ եկեղեցին, որը նույնպես կառուցվել է XI դարի առաջին կեսին: Այդ մասին փաստում է նրա արևմտյան դռան դեկորը, որը նման է Լուսավորչի եկեղեցու դռան դեկորին։