Արտավազի վանք

Պատմամշակութային կոթողը, որը թվագրվում է 7-րդ դար,  կառուցված է գորշավուն բազալտի սրբատաշ քարերով և գտնվում է մոտ 500 մետր հեռու։

Եկեղեցին (VII դ.) կենտրոնագմբեթ է, որի թաղը պահում են 4 կամարները։ Այն  վերանորոգվել է XI-XIV դդ.: Չորս խորաններից երեքը արտաքուստ ունեն ուղղանկյուն, ներսից կիսաշրջանաձև հորինվածք, և միայն արևմտյան խորանն է (այստեղից բացվում է եկեղեցու մուտքը), որ ներքուստ ուղղանկյուն հորինվածք ունի: Հյուսիսային կողմի խորանից բացված մուտքով եկեղեցին միացել է VI դարում կառուցված միանավ սրահին:

Միանավ բազիլիկ եկեղեցին, որ կառուցվել էր VI դ., իր սկզբնական ձևով պահպանվել է մինչև XII դարի 20-ական թվականները, և միայն դրանից հետո են իրականացվել վերականգնողական աշխատանքներ: Դրա վկայությունն է հանդիսանում խաչքարերից մեկի վրա եղած արձանագրությունը:

Թեժ լեռ 

Արտավազ գյուղից հնարավոր է հասնել Թեժ լեռ, որը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է։ Այն գտնվում է Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը 3101մ է։ Լեռան լանջերը զառիթափ են, կտրտված, ծածկված մերձալպյան և ալպյան մարգագետիներով։

Արտավազ լեռ

Տպավորիչ ու յուրահատուկ Արտավազ լեռը գտնվում է համանուն գյուղից 4 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 2929 մ է։
Լեռան տարածքը հայտարարված է բնության կենսաբանական հուշարձան՝ որպես «Արտավազ լեռան մնացուկային տարածք»։ Գագաթից բացվում է տեսարան դեպի Արագած (ՀՀ-ի ամենաբարձր կետը) և Արարատ լեռները։ Քայլարշավը միջին բարդության է։ Երթուղին սկսվում է գյուղից։ Դեպի գագաթ հեռավորությունը 4.5 կմ է։ Լեռան ձախ կողմում գտնվում է Փոքր Արտավազը։ Եթե սուր զգացողությունների սիրահար եք կամ պրոֆեսիոնալ ժայռամագլցող, ապա այն հարմար է ժայռամագլցման համար։ Վերելքից հետո կարող եք իջնել Մեղրաձոր գյուղ։